Header Area
Ալիեւը հոգնեցրել է իր՝ իրականությունից հեռու ելույթներով, նրան այլեւս Ադրբեջանում էլ լուրջ չեն վերաբերվում. Շարմազանով

Ալիեւը հոգնեցրել է իր՝ իրականությունից հեռու ելույթներով, նրան այլեւս Ադրբեջանում էլ լուրջ չեն վերաբերվում. Շարմազանով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ- ի Գլխավոր Ասամբլեայում հերթական անհեթեթ մեղադրանքն էր ուղղված Հայաստանին: ARAJIN.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ալիեւին այլեւս Ադրբեջանում էլ լուրջ չեն վերաբերվում, իհարկե բացառությամբ նրա ընտանիքի անդամների, որոնք նրան ուղեկցում էին: Կարծում եմ՝ Ադրբեջանի նախագահը հոգնեցրել է իր իրականությունից հեռու, ոչ կոռեկտ, ոչ դիվանագիտական լեքսիկոն ունեցող, սուտ ելույթներով»,- ասաց նա:

Անդրադառնալով ելույթում Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ալիևի արած հայտարարություններին՝ Շարմազանովը նշեց՝ եթե Ալիեւն այդ դեպքերի ժամանակ ոչ թե լիներ Ստամբուլում, այլ ռազմաճակատում կամ շփման գծում, դժվար թե այսօր իրականությունից հեռու հայտարարություններ աներ:

«Նա ճիշտ կաներ կարդար իր երկրի նախորդ նախագահներից Այազ Մութալիբովի հարցազրույցը «Վեդոմոստի» պարբերականին, որում Ադրբեջանի նախկին նախագահը հստակ նշում է, որ Խոջալուի դեպքերի միակ պատասխանատուն Ադրբեջանի «Ազգային ճակատ» միավորումն է: Ամենակարեւորը, Հայաստանին եւ հայերին մեղադրել Խոջալուի դեպքերի մեջ նույնն է, թե Հիտլերը ԽՍՀՄ-ին, Մեծ Բրիտանիային եւ Գերմանիային մեղադրեր Հոլոքոստի մեջ»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի խոսքով, Ալիեւի հայտարարությունները մարդու իրավունքների, քաղաքացիական բնակչության նկատմամբ հայերի կողմից խոշտանգումների մասին նույնն է, որ «Իսլամական պետությունը» խոսի մարդու իրավունքներից. «Բոլորի աչքի առաջ է 2016թ. ապրիլին Ադրբեջանի զինված ուժերի խոշտանգումները Թալիշի խաղաղ բնակչության նկատմամբ, նյութերը հրապարակվել են նույնիսկ ադրբեջանական կայքերում: Ոչ ավել, ոչ պակաս նա, որը մեր զինծառայողներից մեկին գլխատել եւ գլուխն ի ցույց էր դրել, պարգեւատրվեց Ալիեւի կողմից: Հիմա Ալիեւի խոսքը մարդու իրավունքների մասին նույնն է, որ ԻՊ-ի ղեկավարները խոսեն այդ մասին, սա ծիծաղելի է ուղղակի»,- նշեց նա:

Related posts