Լուրեր

Վարորդները կկարողանան ավտոպատահարն անձամբ գրանցել՝ օգտվելով հատուկ հավելվածից. Վահան Ավետիսյան

Ավտոապահովագրողների բյուրոն նախատեսում է այս տարվա ընթացքում վարորդների կողմից ինքնուրույն գրանցման համար բջջային հավելված ներդնել, որը հնարավորություն կտա պատահարի տարածքն ավելի արագ ազատել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: «Այն թղթին, որ պետք է լրացնեն և մի քանի լուսանկարներն, փոխարինելու է բջջային հավելվածը: Մինչև 100 հազար դրամ վնասի դեպքում բջջային հավելվածի միջոցով ընդամենը նկարներ անելով՝ հնարավոր կլինի գրանցել պատահար: Սա նաև ավելի հավաստի տվյալներ է տալու, այն ուղղակի թույլ չի տա սխալներ անել»,- նշեց Վահան Ավետիսյանը: Նրա խոսքով՝ հավելվածի միջոցով հնարավոր կլինի 10 րոպեի ընթացքում պատահարը գրանցել և մեքենաները հեռացնել երթևեկելի գոտուց:


Վթարների հետևանքով առաջացող խցանումներից հնարավորինս խուսափելու համար բյուրոն և ոստիկանությունը քննարկում են նաև տվյալների հավաքագրումը չեղարկելու հարցը, եթե խաչմերուկը տեսաձայնագրվում է.

«Եթե խաչմերուկները տեսաձայնագրվում են, մեքենաները վթարի վայրից, անմիջապես պետք է հանվեն, որովհետև այդ ամբողջ տեսագրությունը փոխարինում է այն տվյալներին, որոնք ոստիկանները պետք է հավաքեն տեղում: 2019 թ.-ի հունվարի 1-ից մեր հաստատումը տվել ենք ճանապարհային ոստիկանությանը, որ տեսագրությունը բավարար է ԱՊՊԱ փորձագետների համար և այդ սխեմաները պետք չէ կազմել»,- ասաց նա:

— Պարոն Ավետիսյան, մեքենաների վթարի հետևանքով առաջացող խցանումների խնդիրը դեռևս առկա է, հատկապես երեկոյան ժամը 6-7-ի ընթացքում պատահար գրանցվելու դեպքում տվյալ տարածքի երթևեկությունը կաթվածահար է լինում: Մի քանի տարի առաջ բյուրոն առաջարկեց, որ մինչև 100 դրամ ծախսը չգերազանցելու պարագայում վարորդներն ինքնուրույն կարողանան արձանագրել դեպքը և հեռացնել մեքենաները տարածքից: 2018 թ.-ին որքա՞ն դեպք է առանց ԱՊՊԱ գործակալների արձանագրվել: Եթե կան 2019 թ.-ի տվյալները, խնդրում եմ նաև դրանք ներկայացնել:

— Իրականում մեզ մոտ հաշվառումը ոչ թե պատահարների քանակով է, այլ հատուցված դեպքերով է, բայց դրանք գրեթե նույնն են, չնչին է տարբերությունը: Վարորդների կողմից պարզեցված պատահարների միջոցով հատուցումների քանակը 34 455 է, իսկ ընդհանուր հատուցումների թիվը՝ 68 168: 2019-ի առաջին երկու ամիսներին պարզեցվածով հատուցումների քանակը կազմել է 6525՝ 13 310-ից: Այսինքն, այսօր պատահարների 50 տոկոսը գրանցվում է այդ պարզեցված համակարգերի միջոցով: Մենք այսօր ունենք պատահարների գրանցման երկու ռեժիմ՝ կամ ինքնուրույն են գրանցում վարորդները, կամ գրանցվում է ճանապարհային ոստիկանության կողմից: Մենք արդեն 2 տարի է պատահարների գրանցման գործընթացի հետ կապ չունենք, մենք ասում ենք՝ կա′մ վարորդներն են արագ գրանցում խցանումներից խուսափելու համար, կա′մ ՃՈ-ն: Այսինքն, ապահովագրական ընկերությունները դեպքի վայր գնալու պարտավորություն չունեն: Ուզում եմ շեշտել, որ դեռևս մնացել են գաղափարներ, որ այս խցանումները վերագրվում են ապահովագրական համակարգին, բայց ապահովագրական համակարգն արդեն 3 տարի է այդտեղ անելիք չունի: Արդեն 3 տարի է պատահարների հետևանքով առաջացող խցանումների վերացման, վթարի վայրն հնարավորինս արագ վերականգնելու գործառույթները կամ ՃՈ, կամ վարորդների ձեռքերում է:


Ժամանակին՝ 3 տարի առաջ, երբ տարեկան պատահարների քանակը 40 հազարի շրջանակում էր, մենք ունեինք դերերի բաշխում: Այսինքն, դեպքի վայրում իրավունքներ ունեին և ապահովագրական ընկերությունները, և ոստիկանները, բոլորի մասնակցությունը պարտադիր էր, դրա համար բավականին երկարատև պրոցես էր: Մենք արդեն 2 տարի է ունենք դերերի հստակ բաշխում՝ դեպքի վայրում անելիք ունի միայն ճանապարհային ոստիկանը կամ վարորդն ինքնուրույն: Պատահարների թիվը 40 հազարից դարձել է 68 հազար և այս տարվա 2 ամիսներին ևս 26 տոկոսով աճել է: Եթե այդքան փոփոխությունները չանեինք, մենք ահագին պրոբլեմներ կտեսնեինք: Մենք նախկինում ունեցել ենք, որ միջինում պատահարի գրանցումը տևել է 1 ժամից մինչև 2-3 ժամ: Այսօր ճանապարհային ոստիկանների միջոցով դեպքը արձանագրելը տևում է 20-40 րոպե, բայց դա նույնպես չի բավարարում մեզ:

— Վթարների աճը մեքենաների մեծաքանակ ներկրմա՞մբ է պայմանավորված:

— Ոչ, ապահովագրված ավտոմեքենաների քանակն առանձնապես չի աճել: Տարեկան 4-5 տոկոսի շրջանակներում է աճը Ներկրված մեծաքանակ ավտոմեքենաների մի մասը չի ապահովագրվում, նորից արտահանվում է: Այսինքն, պատահարների քանակի աճն իրականում պայմանավորված է վատ վարելու վարքագծով:

— Սկզբում վարորդների կողմից ինքնուրույն մեքենաները նկարելը և տարածքից հանելը վերաբերում էր մինչև 50 հազար դրամ ծախսին, հետո այն բարձացվեց՝ դառնալով 100 հազար դրամ: Հնարավո՞ր է, որ այս գումարը նորից բարձրացվի և դառնա 150 կամ 200 հազար դրամ:

— Մեխանիկորեն դա հնարավոր է բարձրացնել, բայց այն շատ վտանգավոր է: Եթե նախկինում մինչև 100 հազար դրամ հատուցումները պատահարների 40 %-ի շրջանակներում էին, հիմա դրանք 60 %-ին են մոտենում: Դա նշանակում է, որ մինչև 100 հազար դրամ համակարգն ամբողջությամբ վստահում ենք վարորդներին՝ ինչպես կորոշեն, դա վիճարկման ենթակա չէ: Հավատացնում եմ, որ դրանից բարձր թիվը ռիսկային է ապահովագրական ընկերությունների համար:

– Պատահարի տարածքն ավելի արագ ազատելու ուղղությամբ ի՞նչ նոր քայլեր են ձեռնարկվում, ի՞նչ մեխանիզմներ ենք նախատեսում ներդնել:

— Մենք մեր կողմից ունենք հետևյալ քայլերը՝ աջակցենք ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի իրենց կողմից դեպքի վայրում տվյալների հավաքագրումը, սխեման գծելը, մաքսիմալ ավտոմատացվի: Այսինքն, համակարգչային ծրագրեր, ավտոմատացում ինչ-որ պրոցեսների: Թեպետ, ՃՈ-ի կողմից տվյալների հավաքագրման արագությունը 3 անգամ մեծացել է վերջին տարիներին, բայց դա բոլորիս դեռ չի բավարարում: Երկրորդ տարբերակը՝ այն խաչմերուկները, որոնք տեսաձայնագրվում են, անմիջապես հանեն մեքենաները վթարի վայրից, որովհետև այդ ամբողջ տեսագրությունը փոխարինում է այն տվյալներին, որոնք ոստիկանները պետք է հավաքեն տեղում: 2019 թ.-ի հունվարի 1-ից մեր հաստատումը տվել ենք ճանապարհային ոստիկանությանը, որ տեսագրությունը բավարար է ԱՊՊԱ փորձագետների համար և այդ սխեմաները պետք չէ կազմել: Այսինքն, առաջին տարբերակ՝ ունենք այդ տվյալների հավաքագրման արագության մեծացում, երկրորդ տարբերակ՝ տվյալների հավաքագրման անհրաժեշտության բացակայություն, եթե խաչմերուկի ամբողջ տեսագրությունը երևում է: Եվ վերջապես 3-րդ տարբերակը, որն արդեն ԱՊՊԱ ոլորտում է, մենք վարորդների կողմից ինքնուրույն գրանցման համար նախատեսում ենք բջջային հավելվածի ներդնում: Այն թուղթը, որ պետք է լրացնեն և մի քանի լուսանկարներ անեն, այդ թղթին փոխարինում է բջջային հավելվածը:

— Ե՞րբ կներդրվեն այս երեք ծրագրերը:

— Առաջին երկու կետերի վերաբերյալ հարցադրումը պետք է անել ոստիկանությանը, որովհետև առաջինը վերաբերում է արագագործությանը՝ տեխնիկական և ծրագրային վերազինմանը, երկրորդը՝ երբ ՃՈ-ն դեպքի գրանցման հետ կապված ոչ թե փաստաթղթեր կկազմի, այլ տեսագրություն կփոխանցի մեզ: Երրորդն արդեն մեզ է վերաբերում և նախատեսում ենք այս տարվա ընթացքում ներդնել: Չեմ կարող հստակ ասել, բայց այս տարվա ընթացքում հաստատ կներդրվի,նախնական տվյալներով՝ սեպտեմբերից: :Այդ պատահարների պարզեցված գրանցմամբ Դա թույլ կտա մինչև 100 հազար դրամի չափով վնասի դեպքում պատահարն արձանագրել վարորդի կողմից ընդամենը նկարներ անելով:

— Հավելվածի ներդրումից հետո Ձեր հաշվարկներով որքա՞ն ժամանակում հնարավոր կլինի վթարի վայրից մեքենաները հանել:

— Այսօր, մեր գնահատականներով, թղթային տարբերակը կազմելը միջինում վարորդների մոտ տևում է 20 րոպե: Բջջային հավելվածը թույլ նույնն անել 10 րոպեի ընթացքում: Սա ընդամենը նոր տեխնիկական հնարավորություն է լինելու, որպեսզի թղթով չլրացնեն և լրացնեն բջջային հավելվածի միջոցով, որն ավելի հավաստի տվյալներ է տալու: Վարորդներն ավելի վստահ են լինելու, որ սխալ բան չեն լրացնի: Ներկայումս շատ դեպքերում վարորդները նույնիսկ խուսափում են այդ թուղթը լրացնելուց՝ մտածելով, որ ինչ-որ բան սխալ կանեն: Բջջային հավելվածն ուղղակի թույլ չի տա այդ սխալներն անել:

— Թղթային տարբերակը պահպանվելո՞ւ է, թե՞ ոչ, որովհետև հավելվածը կարող է խնդիրներ առաջացնել, օրինակ՝ տարեցների մոտ:

— Այո, իհարկե: Բյուրոյի քաղաքականությունը հետևյալն է՝ թե՛ պայմանագրերի կնքում, թե՛ հատուցումներ, թե՛ վթարների գրանցում, բոլոր տարբերակներում կմնան բոլոր հնարավոր օպցիաները:

Բայց մի կարևոր բան էլ նշեմ, որ կան ճանապարհային նշանների, երթևեկության կազմակերպման էական խնդիրներ: Սա ընդամենը հետևանք է, որ մեկ վթարը կարողանում է երթևեկությունը կանգնեցնել: Այդպիսի վթարներ քիչ պետք է լինեն, որ կարողանան երթևեկությունը կանգնեցնել: Այսինքն, խնդիրներն ավելի ցայտուն երևում է վթարի վրա՝ վթար եղավ և դրա հետևանքով խցանում է առաջանում, բայց այդ վթարը զբաղեցրեց մեկ գիծը, բա մնացած գծերն ինչո՞ւ են այդպես: Ինչպե՞ս անենք, որ մեզ մոտ երթևեկությունն այլ ձևով լինի: Մենք առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք խորքային պատճառներին, որովհետև եթե նույնիսկ վթարը գրանցեն 10 րոպեում, դա էլ է շատ, դա էլ է պրոբլեմ, դա էլ է մեր աչքին երևալու: Բոլորի աչքին տեսանելի է վթարի հետևանքով առաջացած խցանումը, բայց վթարն ամենավերջին ազդակն է:

– ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչեր և հավելավճարներ սահմանող բոնուս — մալուս համակարգի վերաբերյալ դժգոհություններ կան շատ վարորդների մոտ: Մասնավորապես, ո՞ր մալուսների տոկոսադրույքներն են բարձր, ինչպես նաև վարորդի մեղավորությամբ պատահարից հետո 4 տարի ժամանակ է պետք, որպեսզի վարորդը հավելավճարներ չտա: Այս ժամանակահատվածի կրճատման հնարավորություն չկա՞:

— Այստեղ կարևոր է մի սկզբունք իմանալ: Մենք ինչքան հավաքագրում ենք մալուսներ, այդքան վճարում ենք բոնուսներ: Մեր բոնուսային և մալուսային դասերի կառուցվածքը հետևյալն է՝ վարորդների մոտ 70 տոկոսը գտնվում է բոնուսային դասերում, 15 տոկոսը՝ մալուսային, և 17 տոկոսը՝ բազային: Բազայինը նրանք են, ովքեր, ոչ բոնուս են ստանում, ոչ մալուս: Հիմա տեսեք, 15-ի և 68-ի տարբերությունը որքան է, 4 անգամից ավելի: Այսինքն, այս մալուսներն ինչքան ավելի որ հավաքում ենք, ինչքան ավելի վճարվում է, դա պետք է բավարարի, որ մնացած 70 տոկոսին բոնուսներ տանք: Հիմա, որ դուք հարցնում եք արդյոք շատ չէ՞ 4 տարին, եթե կրճատենք դարձնենք 2 տարի, դա պետք է անենք ի հաշիվ բոնուսների, դրա տոկոսների իջեցման: Այսօր բոնուս ստացողների մի մասը բողոքում է, ասում է՝ այդ բոնուսը քիչ է՝ տարեկան 3 տոկոս, ինչո՞ւ է բոնուսը 3 տոկոս, այն դեպքում, երբ մալուսը 16 տոկոսով է ավելանում: Բայց մենք 60 հազար վարորդից հավաքած գումարը բաշխում ենք 272 հազարի միջև: Ինչ էլ, որ քննարկենք, որ օրինակ մալուսը ոչ թե 4 տարում իջնի, այլ մեկ տարում իջնի, կամ տոկոսները իջնեն, պետք է անենք հավասարակշռության մեջ, այսինքն, բոնուսներից ինչ-որ բան կրճատելով: Հարցը պետք է դիտել ընդհանուր կոնտեքստի մեջ: Իմ անձնական կարծիքով՝ մալուսները շատ ավելի շատ պետք է լինեն: Այսօր մալուսի առավելագույն տոկոսը 200-250 տոկոսն է, այսինքն, ապահովագրավճարը կրկնապատկվում կամ 2.5 անգամ է շատանում: Կան վարորդներ, որոնց մասով տեղին է նույնիսկ 5-10 անգամ ավելացված ապահովագրավճարը:

— Դիտարկվո՞ւմ է մալուսների տոկոսավճարների բարձրացման տարբերակը, որ ավելի շատ վթարի մեղավոր վարորդներն ավելի շատ ապահովագրավճար վճարեն:

— Այո, քննարկումներ կան, և բնականաբար, եթե բարձրացում լինի, դա իր հերթին ինչ-որ չափով պետք է անդրադառնա նաև բոնուսների վրա: Կարճ ասած, բոնուս-մալուս համակարգի ապահովագրական համակարգը շահույթի նպատակ չի հետապնդում, նպատակ ունի խրախուսելու կարգապահությունը և կանխարգելելու զեղծարարությունները, չխրախուսելու վատ վարքագիծը:

— Ապահովագրական կառույցները Հայաստանում կատարված ապահովագրություններից որքա՞ն շահույթ են ստանում:

— Մենք վերլուծություններ չենք կարող անել, թե կոնկրետ ինչքան շահույթ ունեն հենց ԱՊՊԱ-ից, որովհետև այդպիսի առանձնացված հաշվառում չկա: Մենք ունենք հատուցումների մակարդակի տվյալները՝ ԱՊՊԱ համակարգի ներդրման պահից սկսած: Օրինակ՝ 2018 թ.-ին հավաքագրված գումարների 72.7 տոկոսը հատուցումներին է ուղղվել, 2019 թ.-ի առաջին 2 ամիսներին՝ 75.1 տոկոսը: Մյուս 25 տոկոսը ապահովագրական ընկերությունների ծախսերն են, աշխատանքի կազմակերպումը և այլն: Ապահովագրական ընկերություններն իրականում այս 72, 75 տոկոս մակարդակի պայմաններում բավականին սուղ իրավիճակում են հայտնվել:

– Վարորդները նաև դժգոհում են, որ քիչ գումարի տրամադրման կամ ՃՏՊ մասնակից վարորդներից մեկի անհամաձայնությունից հետո բողոքարկման գործընթացը բավականին երկար է ձգվում, նույնիսկ ամիսներ: Կա՞ն արդյոք նման երևույթներ և ավելի հեշտացնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

— Ժամանակին եղել են այդպիսի երկար ժամկետներ, բայց արդեն 3 տարի է վնասի բողոքարկումը 7 օր է, 7 օրվա ընթացքում վարորդները ստանում են կրկնակի փորձաքննության արդյունքները: Պատճառի փորձաքննությունը նույնպես 7 օրվա ընթացքում է: Կան դեպքեր, որ հետքաբանություն են պատվիրում, դա 2 շաբաթ է: Նման երկար ժամկետներ չկան, կարող են առանձին դեպքեր լինել, ինչ-որ մի ընկերություն թերանա, ապահովագրված չենք այդպիսի խնդիրներից, բայց համատարած այդպիսի երևույթներ չկան:

loading...

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: