Քաղաքականություն

«Մտավորական» և «վախ» բառերն ինձ համար անհամատեղելի են»․ Նաիրա Զոհրաբյան

Անկեղծ ասած` որոշել էի այս թեմայով, Ստանիսլավսկու ասած, պաուզան ձգել, բայց չստացվեց։ Մշակույթի գոյություն ունեցող կամ կիսագոյություն ունեցող նախարարությունը որոշել է միավորել մշակութային ՊՈԱԿ-ները։ Հիմնավորումների ողջ փաթեթին դեռ տեղյակ չեմ, սակայն եթե հիմնավորումներից մեկն այն է լինելու, որ Կոմիտասի անվան քառյակը Կոմիտասի թանգարան-ինստիտուտին պետք է հանձնել, որովհետեւ, ինչպես ասել է մշակույթի նախարարության ներկայիս պատասխանատուն, «դրանք իրար հարիր են», որը թարգմանաբար երեւի նշանակում է` երկուսի անունն էլ Կոմիտաս է, այս փառահեղ տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է այդ երկյակի հետ միավորեին նաեւ Կոմիտասի անվան կարի արտադրական միավորումը, եթե այդպիսին լիներ, կամ որեւէ փաբ, եթե մեկը որոշեր իր փաբի անունը Կոմիտաս դնել։


Բայց խոսքս դեռ այս միավորումների մասին չէ, որոնց բովանդակությունը կհասկանանք, երբ նախագիծը կներկայացվի կառավարությանը, ու ոչ էլ այն մասին է, որ, պարզվում է, Սոս Սարգսյանը ժանր է։ Խոսքս էլի մեր մտավորականների, արվեստագետների մասին է, որոնք այս օրերին SOS ռեժիմով զանգահարում են ինձ ու խնդրում հայ մշակույթը կործանող քայլերի դեմ պայքարել։ Բայց երբ ասում ես` համաձայն եմ, եկեք միասին տրամաբանական եւ հրապարակային քայլերի օրակարգ մշակենք ու հասկանանք` ի՞նչ ենք ուզում եւ ինչի՞ց ենք սկսում, անմիջապես անէանում են։

Փաստորեն, ոչինչ չի փոխվել ու ոչինչ չի փոխվում։ Մեր «հերոսական» մտավորականության զգալի մասը շարունակում է տարբեր փաբերում, տաբուրետկեքին փռված, բողոքել ու պատերի տակ նվնվալ, բայց երբ հրավիրում ես հրապարակային, բաց քննարկման, վախենում են գալ, որպեսզի մշակույթի նախարարության դեռեւս գործող պատասխանատուները հանկարծ չիմանան, որ իրենք «պրոտեստ» են անում։


Բա էսպես ո՞ւր ենք գնալու, եւ դուք ո՞ւր եք գնալու։ Ինձ համար «մտավորական» ու «վախ» հասկացությունները հականիշներ են, որովհետեւ չի կարող իրական արվեստագետն ու մտավորականը վախենալ հրապարակային խոսքից եւ քննարկումից։ Իսկ երբ երկրի մտավորականությունը կամ զգալի մասը համր է, էդ միջավայրում Սոս Սարգսյանը ժանր էլ կդառնա, Կոմիտասի քառյակն ու Կոմիտասի կարի ֆաբրիկան էլ իրար կմիանան, որովհետեւ, ինչպես արդեն ասվել է, «իրար հարիր են»։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: