Հասարակություն

Նարեկ Գուրուրյանը Ղազախստան էր մեկնել աշխատելու․ ինչ են պատմում նրա մասին ծննդավայր Սարուխանում

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածվող 22-ամյա Նարեկ Գուրուրյանը Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղից է, Ղազախստան էր մեկնել ամռանը՝ աշխատելու նպատակով։ Այս մասին ասաց Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Ավետիսյանը։


«Նարեկը մեր գյուղի բնակիչ է, անցած տարի էր ավարտել Գավառի համալսարանը, ամռանը մեկնել էր Ղազախաստան, որ գումար աշխատեր, հետ գար, ուսումը շարունակեր»,– ասաց նա։
Աշխատակազմի ղեկավարը պատմեց, որ Նարեկն ունի փոքր քույր, մայրն ուսուցչուհի է, հայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում։

«Նարեկն ասում է, որ կատարվածի հետ ինքը կապ չունի, բացի իր ասելուց՝ մենք էլ համոզված ենք, որ Նարեկը մեղավորություն չունի, քանի որ ինքն էությամբ լավ մարդ է, ինքը նման բան չէր կարող անել, շատ խելացի, բանիմաց երիտասարդ է։ Ուղղակի ազգամիջյան բախում են ցանկացել հրահրել, բայց կարծում ենք՝ Նարեկը մեղավոր չէ»,– ասաց Խաչատուր Ավետիսյանը։


Նշենք, որ Նարեկն այժմ Ռուսաստանի Դաշնությունում է, կալանավորված է, դատարանը քննում է նրան Ղազախստանին արտահանձնելու հարցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 1-ին Կարագանդայի ռեստորաններից մեկում վեճը վերածվել էր ծեծկռտուքի՝ սառը զենքի կիրառմամբ: Դանակահարված երիտասարդ ղազախ Ժանսեիտ Բակըտժանովը մահացել էր հիվանդանոցում, ևս մի քանիսը վնասվածքներ էին ստացել: Միջադեպի մասնակիցներից Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը ձերբակալվել էին, իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Նարեկ Գուրուրյանը դեպքից հետո տեսաուղերձով հայտնել էր, որ ինքը մասնակցել է զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ մեկի չի սպանել։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: