ԼուրերՄշակույթ

Երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու․․․Հայաստանի հեքիաթային վայրերից մեկը․

Երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, խոսքը Արմաղան լեռան մասին է, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Արմաղան անունը շատ հնուց է եկել։

Արմաղանը Սասունցի Դավթի էպոսից եկող անուն է, հավանաբար լեռը իր գեղեցկության, բարձր լինելու և անհասանելիության պատճառով են Արմաղան կոչել։ Լեռան բարձրությունը 2829 մ է, գագաթին գտնվում է 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ, որը հատկապես մայիս-հունիս ամիսներին շատ ջրառատ է լինում։

Լճակում հայտնվում են բազմապիսի ջրային թռչուններ, ափերը ծածկվում են ծաղկի գորգերով։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Մարտունուց 20 կմ հեռավորության վրա։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որը մասամբ լցված է ջրով, փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։
2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։


Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում, ասում են` երջանիկներին բախտ է վիճակվում ներկա գտնվել այդ տեսարանին։ Լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխային ծագում ունեցող լիճը դարձնում են այն Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:

Արմաղան լեռը բարձրանալը հեշտ չէ, սակայն երբ հասնում ես գագաթին, բնությունը լիուլի վարձահատույց է լինում ծախսած ջանքերիդ համար: Լեռան ձգողական ուժով ու հիասքանչ շրջակայքով դյութված` ժամանակը շատ արագ է անցնում: Սակայն պետք է շուտ սկսել վայրէջքը, մութն ընկնելուց առնվազն երկու ժամ առաջ:

Տեղացիներն ասում են, որ Արմաղան լեռն Աստծո պարգև է, և մեկ անգամ այնտեղ եղածները վարակվում են նրանով և անպայման նորից այցելում:


Հազարավոր զբոսաշրջիկներ լսելով այն լեգենդը, որը պատմվում է լեռան վրա գտնվող մատուռի մասին, շտապում են տեսնել մատուռը, որի տեղում այժմ վեր է խոյանում գմբեթավոր եկեղեցի (չնայած նրան, որ սկզբնական շրջանում տեղի բնակիչները այդքանն էլ ուրախությամբ չընդունեցին) և վայելել պարզապես լեռան աննկարագրելի գեղեցկությունը:

Արմաղանի մատուռի մասին տարբեր լեգենդներ կան: Լեգենդներից մի ճյուղ ասում Է, որ իբր հայ տղան սիրահարվել է քուրդ աղջկան ու երկար ժամանակ սիրահարներ են եղել։ Գիտեին, որ ծնողները ամուսնանալ չէին թողնի։ Աղջկա հայրը չի համաձայնվել և տղան փախցրել է աղջկան ու բարձրացրել Արմաղանի գագաթը մտածելով, որ լեռը բարձրանալ դժվար է, և իրենց ետևից չեն գա։ Աղջկա հայրը ինչ-որ տեղից իմացել էր, որ իր աղջիկը և փեսան լեռան գագաթին են և իր ամբողջ ցեղախմբով նժույգներով եկել հասել են գագաթ։ Գիշերը գաղտագողի բարձրացել են անհայտ ճանապարհով ու բռնել երկուսին։ Աղջիկն ու տղան էդ մատուռի տեղում են քնած եղել լուսնի լույսի տակ։


Հետապնդողները բռնված աղջկան ուզում են հետ վերադարձնել։ Հայրն ասում է. «Եթե հետս գաս, տղային ձեռք չեմ տա, իսկ եթե ետ չգաս, երկուսիդ էլ կմորթեմ տեղում» ։ Լեգենդի համաձայն` աղջիկը չի վերադառնում հոր հետ: Ահագին տառապանքներից հետո զայրացած քուրդ ցեղապետը սպանում է նրանց, դիակն թողում է այդտեղ և գնում։ Հետո զղջում է, առավոտը ետ է գալիս սպանվածների տեղը ու մատուռ է կառուցում ու դարձնում սրբավայր:

Մատուռ են կառուցում նաև հայերը: Մինչև այժմ կա ավանդույթ և հայերը և քրդերը , որպես սրբատեղի բարձրանում են Արմաղան, բայց տարբեր օրերի:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: