Հասարակություն

Սերժ Սարգսյանը կստանձնի՞ ԵԿՄ ղեկավարությունը Մանվելից հետո

Մինչ շարունակվում են գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները, հասարակության ուշադրությունն էլ գամված է ժամ առ ժամ լրահոսում թարմացվող նոր բացահայտումներին, մի կարեւոր հարց, այնուհանդերձ մնում է այս պահին բաց՝ իսկ ով է ստանձնելու ԵԿՄ ղեկավարությունը։


Նախօրեին մամուլում լուրեր տարածվեցին, թե գեներալի կինը՝ Նազիկ Ամիրյանն է փորձեր կատարում ԵԿՄ ղեկավարությունը ստանձնելու, սակայն արդեն հասկանալի է, որ այսօր-վաղը կարող է հենց Նազիկ Ամիրյանն էլ հայտնվի ճաղերի հետեւում։ Որպես ՀԿ ինքնին հասկանալի է, որ ղեկավարի՝ զբաղեցրած պաշտոնի պաշտոնավարման անհնարինության պարագայում որոշակի օրենսդրորեն սահմանված ընթացակարգեր կան սահմանված, սակայն հարց է, թե ԵԿՄ-ն որ ճանապարհով կգնա՝ օրենսդրական թե «հայավարի»։ Ավելի հավանական է, որ այս փուլում գոնե խստորեն օրենքի տառն ու ոգին պահպանվի, սակայն հարց է, թե ով կլինի այն անձը, ով կհամարձակվի այսքանից հետո ստանձնել կառույցի ղեկը։


Իհարկե նաեւ տարբերակ է, որպեսզի կառույցը ղեկավարվի կոլեգիալ կերպով ենթադրենք ինչ որ վարչական խորհրդի կողմից, ինչը կնվազեցնի նաեւ գեներալ Գրիգորյանին նման որեւէ մեկի համարժեք գործողությունների հնարավորությունը եւ միանձնյա պատասխանատվությունը կփոխարինվի կոլեկտիվ պատասխանատվությամբ։ Սա ավելի օպտիմալ տարբերակ է, եթե զուգորդվի նաեւ կազմակերպության վերապրոֆիլավորման եւ ակտիվ ինքնամաքրման գործընթացով, որովհետեւ ամեն դեպքում կան հարյուրավոր ազնիվ մարդիկ այս կառույցի կազմում, որոնց երբեք չպետք է անտեսել։

Հնարավոր է նաեւ, որ Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնի ԵԿՄ-ի ստվերային ղեկավարի դերը, ամեն դեպքում հաշվի առնելով, որ շատերն այդ կառույցում իրեն հարազատ մարդիկ են եւ ափսոս է նման կառույցը բախտի քմահաճույքին թողնելը։ Սա էլ հավանական տարբերակ է, եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ում սպասվում են վերաձեւումներ, որոնց մեջ Սերժ Սարգսյանը կարող է եւ չտեղավորվել։


Քիչ հավանական է, որ ԵԿՄ-ն միավորվի հանրապետականի հետ։ Դա հենց հանրապետականները չեն ուզի նախընտրական այս շրջանում։ Ավելի հավանական է, որ որոշակի հեռավորության պահպանմամբ Սերժ Սարգսյանը փորձի երկու կառույցներն էլ որպես ռեսուրս եւ էլեկտորատ օգտագործել սպասվող արտահերթ պառլամենտական ընտրություններում։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: