ԺամանցՀասարակություն

Անիի գրառումը հուզեց ու ցնցեց շատերին,անծանոթ տղայի արարքը պիտի օրինակ լինի բոլորիս համար

Վերջերս Անի Հակոբջանյանի՝ Facebook սոցիալական ցանցի էջում կարդացի մի գրառում,որից մի հատված ցանկանում եմ մեջբերել:

<<Ամիսներ առաջ բավականին ծանր հոգեվիճակով քայլում էի մետրոյի գետնանցումում: Չեմ ուզում մանրամասնել` ինչ էր եղել կոնկրետ: Մետրոն արդեն 2-3 անգամ եկել, գնացել էր, իսկ ես չէի նստում, շարունակ քայլում էի: Մի տղա մոտեցավ, նայեց ինձ ու ասաց.
-Բարև Ձեզ, էս Դուք եք արե՞լ,- ու ցույց տվեց մարմնիս վնասված հատվածը:
Հերքեցի, ասացի, որ ես չեմ արել, պատահաբար ընկել եմ, վնասվել: Զարմացած ու կասկածող հայացքով նայեց ինձ, ասաց` հաստա՞տ, ու երբ դրական պատասխան տվեցի, գնաց: Մետրոն էլի եկավ, էլի գնաց, էլի եկավ, էլի գնաց, իսկ ես շարունակ ետ ու առաջ էի անում: Անծանոթը նորից մոտեցավ.
-Գիտե՞ք, չեմ հավատում, որ Դուք չեք արել:
-Չէ, անկեղծ, ուղղակի ընկել եմ,- ժպտալով պատասխանեցի:
Բերանը ծռմռատելով` գնաց:
Ես էլ գնացի, նստեցի նստարանին, բացեցի Մոպասանի 《Սիրելի բարեկամը》 ու սկսեցի կարդալ: Քիչ հետո էդ տղան եկավ ու նստեց մոտս, աչքերս գրքից չէի ցանկանում բարձրացնել, որովհետև չգիտեի` ինչ եմ ասելու: Նայեց ինձ, ասաց.
-Կարո՞ղ եմ նստել էստեղ:
-Հա, իհարկե:
-Ի՞նչ գիրք ես կարդում:
Ցույց տվեցի գիրքը, հետո իրեն տվեցի, մի քանի էջ թերթեց, ասաց.
-Հավանու՞մ ես:
-Գիրք ա էլի, կարդում եմ,- պատասխանեցի` քթիս տակ ժպտալով:
-Ինչի՞ ես քեզ վնասում ու ցավեցնում:
-Ես բան չեմ անում:
-Անում ես ու ուզում ես, որ քեզ օգնեն:
-Ես օգնության կարիք չունեմ:
-Գիտես, եթե չունենայիր, հետս չէիր խոսի: Դու օգնության կարիք ունես, էնքան շատ, որ անծանոթից էլ ես պատրաստ վերցնել:
Չգիտեի` ինչ ասեմ, սառել էի, լեզուս պապանձվել էր.
-Ես թույլ չեմ, օգնություն հարկավոր չի:
-Լավ, դու ինքդ կխոստովանես, որ հարկավոր ա: Որտե՞ղ ես սովորում, քանի՞ տարեկան ես,- ու սկսեց հարցեր տալ ինձնից:
Պատասխանեցի բոլոր հարցերին, մեկ էլ ծիծաղելով ասաց.
-Անունդ ի՞նչ ա:
-Ահ, մոռացել էի, Անի:
Իր անունը մոռացա հարցնել, փոխարենը ասացի.
-Դու ինչո՞վ ես զբաղվում, որտե՞ղ ես սովորում:


Հրաժարվեց խոսել իր մասին, ասաց, որ ավելի լավ ա, իրեն չանդրադառնանք, դա հաստատ ինձ հետքրքիր չի լինի, ու շարունակեց լավ խորհուրդներ տալ: Մեկ էլ հանկարծ հարցրերց.
-Ինչի՞ ես հետս էսպես ժպտալով խոսում ու ինձ վստահում:
-Բայց ինչու՞ չվստահեմ:
-Ես կարող եմ բազմաթիվ պատճառներ բերել չվստահելու, իսկ դու վստահելու և ոչ մի պատճառ:
-Դե դու բարի ես երևում:
-Գուցե ես բարի դեմքով մարդասպան եմ:
-Հա՞:
-Ահա,- վստահ պատասխանեց` դեմքի միմիկաները չփոխելով:
-Լավ, ոչինչ, մեռնելուց առաջ կյանքս կպատմեմ, ամեն ինչ խոստովանեմ, նոր, մեկ ա մեռնելու եմ, չէ՞,- ասացի, ու մի քանի վայրկյան լռությունից հետո սկսեց ծիծաղել:Մոտ մեկ ժամ զրուցեցինք, հետո ասաց.
-Խոստանու՞մ ես, որ երբեք քեզ չես ցավեցնի:
Չէի կարողանում դրական պատասխան տալ, բայց ոչ էլ համարձակվում էի մերժել:
Ձեռքս բռնեց, ասաց.
-Էս ձեռքերը իմն են: Ամեն անգամ, երբ քեզ ցավեցնես,  իմ ձեռքերի վրա սպիներ են ավելանալու: Ամեն անգամ մի բան անելուց առաջ կհիշես, որ ինձ ես ցավեցնում: Ուզու՞մ ես ինձ ցավեցնել:
Աչքերս լցվեցին, մի կերպ զսպեցի ինձ, ասացի.
-Չէ, չեմ ցավեցնի:
-Ուրեմն խոստացի, որ ինչ էլ լինի, չես կոտրվելու, առաջ ես գնալու, քեզ չես ցավեցնելու:
-Խոստանում եմ:
-Հենց չդիմանաս, ուզես քեզ ցավ պատճառել, կզանգես ինձ, կհանդիպենք, ինձ հետ կզրուցես, իսկ եթե չհանգստանաս, ինձ ցավ կպատճառես,- ասաց ու թղթի կտորի վրա համարը գրեց, դրեց գրքի մեջ:
-Մերսի:
-Կարիք չկա, ես արդեն պետք ա գնամ, հիշի, որ պիտի ապրես:
Ասաց ու գնաց:
Երկու շաբաթ հետո պատահաբար հանդիպեցի նույն տղային, բայց շատ կարճ խոսեցինք` գրեթե 4-5 րոպե: Եկավ, կողքիս կանգնեց, ու երբ նկատեցի, սիրտս կանգնեց.
-Վայ, բարև:
-Բարև, ձեռքերիս լավ  նայել ե՞ս :
-Հա, ինձ չեմ ցավեցրել, ու սկսել եմ քիչ լացել:
-Ապրես դու, հիշում ես, չէ՞, հենց հետդ մի բան էն չլինի, իմ ձեռքերն են կոտրվելու կամաց-կամաց>>:

Կարդալուց հետո արցունքներիս հոսքը չէր դադարում:Ամբողջ մարմինս փշաքաղվել էր:

Ողջ օրվա ընթացքում մենք մեր ուղեղը ծանրաբեռնում ենք միայն մեր անձնական խնդիրների մասին մտածելով,ու հաճախ գրեթե մոռանում ենք,որ տիեզերքը միայն մեր շուրջը չի պտտվում,որ մեզանից բացի աշխարհում շատ մարդիկ կան,որոնք օգնության կարիք ունեն,ու պարտադիր չի,որ այդ օգնությունը նյութական բնույթի լինի:Առավել հաճախ մարդիկ կարիք ունեն լոկ քաղցր խոսքի,հոգատար վերաբերմունքի,ուշադրության ու ջերմության:

Փոքր ցանկության դեպքում անգամ մարդը կարող է փոխել ուրիշների կյանքը,այդպիսով փոխելով նաև աշխարհը:Եթե ուզում ենք փոխել աշխարհը,պիտի նախ մեզ փոխենք՝լինելով մի քիչ ավելի բարի,մի քիչ ավելի ներող,մի քիչ ավելի հանդուրժող ու կարեկից:Ավելի շատ սիրենք միմյանց ու երջանկացնելով ուրիշներին,երջանիկ կլինենք նաև մենք:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: