Շոու բիզնես

«Եթե չչափազանցնեմ, ամսվա կտրվածքով 20 օր հաստատ խանութներում եմ լինում». Իլոնա Նուրիբեկյանը` նախընտրած ոճի և հագուստի վրա ծախսվող գումարների մասին

Մոդել և դերասանուհի Իլոնա Նուրիբեկյանն, ով Ինստագրամում այս պահին ունի ավելի քան 128 հազար հետևորդ, որոշակիորեն նաև դարձել է նորաձևություն չափանիշ ու ճաշակ թելադրող հասարակության մի հատվածի համար, ովքեր հետևում են նրան ու փորձում կրկնօրինակել: Arajin.am-ն Իլոնայի հետ զրուցել է նորաձևության, սեփական ոճն ընդգծելու, էքսպերիմենտների ու հագուստի նախընտրությունների մասին:
Նորաձևությունն Իլոնան նմանեցնում է խաղի, որտեղ մարդիկ կարող են երևակայել առանց սահմանների ու սահմանափակումների, անձնավորել իրենց ու ներկայանալ յուրօրինակ կերպարով: Տարօրինակ է, բայց դերասանուհին էքսպերիմենտների սիրահար չէ:

Պարզվում է՝ Իլոնան առհասարակ բրենդամոլ էլ չէ ու հագուստի նախընտրությունների հարցում բավականին զուսպ է. «Ընտրում եմ այն, ինչն ինձ հարմար է: Դա առաջնային պայմանն է, հետո նոր՝ գեղեցիկ․ և կապ չունի, թե որտեղ է վաճառվում: Սիրում եմ տարօրինակ բաներ, այսինքն՝ այն, ինչը ստանդարտից դուրս է: Այդ հագուստն ինձ միանշանակ կգրավի, որովհետև դա բոլորը չէ, որ կկրեն: Այդպիսի հագուստն ավելի մեծ ոգևորվածությամբ ու սիրով կգնեմ ես»:Իլոնայի զգեստապահարանը միատոն չէ, այնտեղ գերակշռում են վառ գույները, ինչն էլ ընդգծում է դերասանուհու անհատականությունը. «Սպիտակը, դեղինը, կարմիրն ու մանուշակագույնն իմ ամենասիրելի գույներն են: Բացի նրանից, որ դրանք ընդգծում են իմ անհատականությունը, ես գույները շատ եմ սիրում ու հատկապես հագուստի մեջ հաճախ համարձակ համադրություններ եմ անում»:

Իլոնան ևս պատկանում է աղջիկների այն թվին, ովքեր զգեստապահարանը կարող են բացել ու տեսնել, որ հագնելու բան չունեն. «Եթե անկեղծ, տանն արդեն տեղ չունեմ հագուստներիս համար: Բոլոր պահարաններս լցված են ու հիմա զբաղված եմ հենց այդ հարցով, որտեղ տեղավորել նոր իրերը: Բայց այո, ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր կարծում են, որ հագուստը երբեք շատ չի լինում»,- նշում է դերասանուհին և հավելում, որ իր հագուստները նվիրել չի սիրում․ այն իրերը, որոնք այլևս չի օգտագործում, նախընտրում է դեն նետել, քան նվիրել, քանի որ իր հագուստը չի կարող ուրիշի հագին տեսնել:

Իլոնան դժվարանում է ասել՝ ամսական որքան գումար է տրամադրում զգեստապահարանը թարմացնելու համար. «Հնարավոր է՝ հիմա էլ դուրս գամ փողոց ու խանութի կողքով անցնելիս մանեկենի վրա գեղեցիկ հագուստ տեսնեմ ու գնեմ: Շաբաթվա կամ ամսվա հատուկ օրեր չկան, որ տրամադրում եմ շոփինգին: Ես այն մարդկանց տեսակին եմ պատկանում, որ մտնում են խանութ մի բան գնելու ու մի քանի բան էլ ավել առած դուրս են գալիս: Ամսվա կտրվածքով, եթե չչափազանցնեմ, մի 20 օր հաստատ խանութներում եմ լինում»:


Իլոնայի համար պարտադիր պայման չէ սեզոնի թրենդներով զգեստապահարանը համալրելը, բայց ինչը, որ իրեն կարող է դուր գալ, հենց նույն րոպեին է ձեռք բերում. «Նորաձևության միտումներին մոլի չեմ հետևում։ Եթե ինձ դուր չգային, օրինակ, պատռված ջինսերը, ինձ համար բացարձակ միևնույն է՝ կլինեին դրանք ակտուալ, թե ոչ, միևնույն է, չէի կրի և հակառակը: Այս սեզոնի թրենդը սուր ակնոցներն, որոնք ինձ շատ են դուր գալիս: Նորաձև երևալու խնդիր չունեմ: Հավատացեք, տարբեր ոճերի հագուստ համադրելով ավելի նորաձև կարելի է լինել, քան կուրորեն թրենդներին հետևելով»:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: