Լուրեր

Սեյրան Օհանյանին հարցաքննության հրավիրելու մասին ծանուցագիրն ուղարկվել է հունիսի 12-ին. Ի՞նչն է հերքում նախկին նախարարը

Գնումների և բանակաշինության ոլորտում 2014-2017 թվականներին արձանագրված չարաշահումների մասին Պետական եկամուտների կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությունից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, որ ինքը չի կանչվել հարցաքննության։

«Ես չեմ հրավիրվել, չեմ կանչվել հարցաքննության և նման բան չկա», — ասել է Ս.Օհանյանը։


Մինչդեռ ՊԵԿ լրատվական ծառայությունից Arajin..am-ին տեղեկացրին, որ Սեյրան Օհանյանը հարցաքննության կանչվել է և նրան հարցաքննությանը մասնակցելու ծանուցագիր ուղարկվել է հունիսի 12-ին։

Ավելի վաղ Arajin.am-ը՝ վկայակոչելով ՊԵԿ լրատվական ծառայությանը, տեղեկացրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Քրգործի նախաքննության շրջանակներում ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։


ՊԵԿ-ից հայտնել էին նաև, որ միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Այս գործի շրջանակներում Սեյրան Օհանյանի հետ միասին հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: