Քաղաքականություն

«Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ. ԱԱԾ-ն մանրամասնում է

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

ԱԱԾ-ից Arajin.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է:


Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները եւ նպատակայնությունը, ինչպես նաեւ օրինականությունը պարզելու ուղղությամբ:


Հիշեցնենք, որ օրեր առաջ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս հիմնադրամի վերաբերյալ գառում էր կատարել. «Հիշում եք, որ ամիսներ առաջ Լենա Նազարյանը եւ ես դատի էինք տվել «Երեւան» հիմնադրամին՝ մեզ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է:

Մեր ունեցած տեղեկություններով, այստեղ կարող էին լինել կոռուպցիոն սխեմաներ: Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել էինք դատարան, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին: Ու ի՞նչ եմ իմանում երեկ. առաջիկա ավագանու նիստում քննարկվելու է հիմնադրամի լուծարման հարցը: Բայց դե հիմնադրամ փակելով հետքերը դժվար է մաքրել»:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: