Լուրեր

Կուտակային համակարգի նոր կարգ. 2,5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը

Կառավարությունն այսօր արտահերթ նիստում հաստատելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և այն ներկայացնելու է Ազգային ժողով: Ըստ այդմ՝ հուլիսի մեկից ուժի մեջ է մտնելու պարտադիր կուտակային համակարգը, բայց որոշակի փոփոխություններով:

Մասնավորապես, գործող օրենքով անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: Նախագծով առաջարկվող տարբերակով 2.5 տոկոսը վճարում է անձը, 7.5 տոկոսը՝ պետությունը: Օրինակ, 200 հազար դրամ աշխատավարձի դեպքում գործող օրենքով անձը կատարում է 10 հազար դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է ևս 10 հազար դրամ։ Նոր նախագծի համաձայն՝ անձը կվճարի 5000 դրամ (2.5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 հազար (7.5 տոկոսը):


Ըստ կառավարության՝ այս դրույքաչափերը կգործեն մինչև եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաև սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար:

Կառավարությունը համակարգի ամբողջական ներդրումը կարևորում է՝ ելնելով հետևյալ գործոններից: Առաջինը, պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում և շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգ նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:

Երկրորդ, այսօր կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ: Եվ երրորդ հիմնավորումն այն է, որ կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրներն աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ կառավարող ընկերություններ են: Եվ Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին:

Կիսվեք ձեր ընկերների հետ։

Կարծիքներ


Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր կանոներին։ Արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջին.am-ն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: