

Կայքերին շփոթության է մատնել մոդելների նույն՝ Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունը եւ նրանք սխալմամբ նույնացրել են երկու հայուհիներին:

Մեզ հետ զրույցում գյումրեցի մոդել Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ կայքերում տեղ գտած հոդվածների մասին իրեն հայտնել էր հետեւորդներից մեկը: Լիլիթի փոխանցմամբ՝ ինքը ոչինչ չունի Լիլի Մորտոյի դեմ, սակայն զարմանք է ապրել լրագրողների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պատճառով.

«Միանգամից ուսումնասիրեցի այդ կայքերը՝ փորձելով գտնել աղբյուրները: Ավելի շատ զարմանք ապրեցի այն փաստից, թե ինչպես կարելի է լինել նման ոչ պրոֆեսիոնալ. Այո, մենք ունենք նույն անուն-ազգանունը, բայց մենք երկուսս էլ տարբեր կայացած մարդիկ ենք: Կայքերում օգտագործվել են իմ նկարները՝ որպես Լիլիի՝ մինչեւ վիրահատությունն արված լուսանկարներ, դրանց զուգակցվել է խեղաթյուրված՝ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա: Եվ ցավալին այն է, որ մի անորոշ աղբյուրից մյուս լրատվականները copy են արել նույն նյութն ու տարածել նաեւ իրենց մոտ: Ես նշել եմ ու էլի եմ ուզում շեշտել, որ Լիլիի դեմ ոչինչ չունեմ, պարզապես կարծում եմ՝ երկուսիս էլ հաճելի չէ նույնացվելը»,-ասում է Լիլիթը՝ հավելելով, որ անձամբ նամակներ է գրել տվյալ կայքերին՝ տեղեկացնելով, որ սխալ ինֆորմացիա են տարածել եւ պահանջելով հերքում ներկայացնել:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է ունենա պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնք հետամուտ կլինեն, թե ինչ ինֆորմացիա են հրապարակում, արդյոք դա իրակա՞ն է, արդյոք չի՞ ոտնահարում անձի իրավունքները: Մենք երկուսս էլ մեր ոլորտում մեր ուրույն տեղն ունենք ու կարծում եմ՝ չարժի մեզ նույնացնել: Լիլիի անունից չեմ կարող կարծիք հայտնել, բայց ենթադրում եմ, որ ոչ մեկին էլ հաճելի չի լինի նման բանը»:
